«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Դավաճանության գործիքայնացումը արտաքին քաղաքականության մեջ

Դավաճանության գործիքայնացումը արտաքին քաղաքականության մեջ
02.02.2026 | 11:52

Միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ պետությունները հազվադեպ են առաջնորդվում բարոյական կատեգորիաներով, երբ խոսքը վերաբերում է իրենց ռազմավարական շահերին։ Այդ համատեքստում «դավաճան» հասկացությունը չի ընկալվում որպես վստահելի գործընկեր, այլ՝ որպես ժամանակավոր ռեսուրս։ Թուրքական պետական-քաղաքական մտածողության պատմական փորձը ևս հաստատում է այս օրինաչափությունը․ Անկարան, ինչպես և այլ տարածաշրջանային ուժեր, չի կառուցում երկարաժամկետ հարաբերություններ այն դերակատարների հետ, որոնք սեփական ազգային շահերը զոհաբերում են արտաքին ուժի սպասարկման համար։

Դավաճանությունը, որպես վարքագիծ, արժեքային համակարգում չի կարող հիմք հանդիսանալ վստահության համար։ Այն, ինչ կարող է դառնալ գործիք տվյալ պահին, չի կարող վերածվել ռազմավարական դաշնակցության։ Հետևաբար, արտաքին ուժի կողմից «օգտագործվելը» չի նշանակում ընդունվել կամ հարգվել։ Ընդհակառակը, նման դերակատարները դիտարկվում են որպես փոխարինելի, սպառվող միջոցներ, որոնց կենսականությունն ավարտվում է հենց որ փոխվում է քաղաքական կոնյունկտուրան։

Այս տրամաբանության մեջ թուրքական քաղաքական պրակտիկան առանձնանում է իր հետևողականությամբ․ այն նախընտրում է աշխատել ուժեղ, ինքնուրույն և կանխատեսելի սուբյեկտների հետ, իսկ ինքնությունից հրաժարված կամ ներքին լեգիտիմությունից զուրկ դերակատարներին օգտագործում է բացառապես տակտիկական խնդիրներ լուծելու համար։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման «գործընկերների» ճակատագիրը, որպես կանոն, ավարտվում է քաղաքական մեկուսացմամբ կամ լիակատար անտեսմամբ։

Ուստի, այն հասարակություններն ու քաղաքական էլիտաները, որոնք արտաքին ուժերի հետ հարաբերություններում ընտրում են ինքնանվաստացման և սեփական ազգային շահերի հաշվին հարմարվելու ուղին, պետք է գիտակցեն պարզ իրողությունը․ նրանց չեն դիտարկելու որպես հավասար կամ վստահելի կողմ։ Նրանք կարող են ժամանակավորապես օգտագործվել, բայց երբեք չեն արժանանալու հարգանքի։ Սա ոչ թե էթնիկ կամ մշակութային առանձնահատկության հարց է, այլ ուժի, շահի և քաղաքական իրատեսության անողոք օրենք։

Ճշմարտության ձայն

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ